13 օգոստոսի 2019 - 16:58 AMT
Երևանում շինաղբ տեղափոխող մեքենաներն ավելի ուժեղ կհսկվեն

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները:

Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:

«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,- նշել է քաղաքապետը: