13 օգոստոսի 2019 - 17:08 AMT
2019-ին 20 վերելակ կփոխարինվի նորով

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին նորով կփոխարինվի 20 վերելակ, հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«20 վերելակ կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,- նշել է փոխքաղաքպետ Հայկ Սարգսյանը:

Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանը մտադիր է 3500 նոր վերելակ տեղադրել: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները: Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի:

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն մոտ 4400 վերելակ, դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Դրանք տեղադրվել են դեռևս 1956-1993-ին, թեպետ շահագործման սահմանված ժամկետը մինչև 25 տարի է: Այսինքն՝ գրեթե բոլոր վերելակները սպառել են այդ ժամկետը:

2007-2008-ին պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվեց 35 նոր վերելակ, նորոգվեց մոտ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: