14 օգոստոսի 2019 - 10:36 AMT
Նախագիծ․ 3-6 տարի ազատազրկում՝ բռնության հրապարակային կոչի ու բռնությունն արդարացնելու համար

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ատելության խոսքի դեմ պատիժը խստացնող նախագիծ։

Դրանով առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

Արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ատելության խոսքի» դեմ պայքարի քրեաիրավական միջոցները առաջնահերթ պետք է ուղղված լինեն անձանց կյանքի և առողջության պաշտպանությանը, քանի որ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնությունը քարոզելը հանդիսանում են «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում:

Բացի այդ, ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:

Վճռաբեկ դատարանն իր 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0179/01/11 որոշման մեջ արձանագրել է, որ բռնությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք։

Նպատակն է առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում չխախտելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ քրեական պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, ինչով անձանց կյանքի և առողջության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար կստեղծվի հավելյալ քրեաիրավական երաշխիք: