14 օգոստոսի 2019 - 13:46 AMT
Նոր գիտելիքներ՝ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար. Թրեյնինգին 250 շահառու է մասնացկել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) գործակցությամբ մոտ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար սեմինար-թրեյնինգ է անցկացվել՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:

Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Թրեյնինգի մասնակիցներn օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ են ձեռք բերել այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների առօրյայի մի մասը կարող է դառնալ: Մասնավորապես, նրանք նոր գիտելիքներ են ստացել օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:

Ոլորտի մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրել են հետևյալ թեմաները.

  • Օրգանական մթերքի վերամշակում,
  • Օրգանական մթերքի սերտիֆիկացում,
  • Օրգանական մթերքի պահպանում,
  • Օրգանական մթերքի փաթեթավորում,
  • Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,
  • Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,
  • Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները,
  • Մթերման անձնակազմ,
  • Հավաքի ժամանակահատվածի որոշում,
  • Հումքի հավաք,
  • Թունավորման ախտանիշները,
  • Հումքի առաջնային մշակում,
  • Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները,
  • Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,
  • Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,
  • Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները: Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի միջև գործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում: