17 օգոստոսի 2019 - 14:38 AMT
Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին. Չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակելու հրաման տա

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Մարտի 1-ի քրգործին, հրապարակվող ցուցմունքների հետ կապված լրագրողներին ասել է, որ քաջատեղյակ չէ այդ մասին: «Քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի»,- ասել է նա՝ նշելով, որ կարծիք հայտնել չի կարող:

Այն հարցին, թե Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Օգանովսկուց՝ Սամվել Կարապետյանից, սպասո՞ւմ էր, որ նա կարող է զորք բերել, կրակ արձակելու հրաման տալ՝ Միքայելյանը պատասխանել է. «Կրակ արձակելու հրամա՞ն: Երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրաման տա, ժամանակը ցույց կտա՝ ինչ է եղել: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքը իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու: Ես չեմ խորանում՝ մի քանի տարի առաջ ինչ ա եղել, նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել ժողովրդի վրա, գեներալը, որ իր կյանքը դրել է էդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար», հայտնում է Shantnews-ը:

Միքայելյանից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է գնահատում այն տեղեկությունները, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից մոտ 700 հոգի է բերվել Երևան: «Ես կարծիք չեմ կարող հայտնել»,- ասել է պատգամավորը:

Միքայելյանը չի ցանկացել պատասխանել թեմային վերաբերող այլ հարցերի, միայն նշել է. «Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար»:

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել էր Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Ասվում էր, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին:Քննչական մարմինները հերքել են իրենց առնչությունը նյութերի արտահոսքի հետ, ինչպես նաև ուռճացված և արհեստական որակել միջազգային լրատվամիջոցի հրապարակման շուրջ առաջացած աղմուկը։

Շեշտվում է, որ Օգանովսկին եղել է Երևանում Արցախից բերված ուժային ստորաբաժանումների հրամանատարը, նա ինքը հաստատել է այդ փաստը 2018 թվականի օգոստոսի 15-ի՝ չորս ժամ տևած ցուցմունքում:Սամվել Կարապետյանը հերքել է հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն: