19 օգոստոսի 2019 - 14:17 AMT
Արամ Ա-ն «բացարձակորեն դեմ» է Ստամբուլյան կոնվենցիային

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ հայտարարելով, որ «բացարձակորեն դեմ» է:

«Որեւէ փաստաթղթի, ով էլ լինի հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որևէ մտածելակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ», - հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ որևէ փաստաթուղթ, որը զգայուն բնույթ ունի չի կարող հապճեպ ընդունվել և յուրաքանչյուր հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվի համայն հայության մասնակցությամբ:

Նա հավելել է նաև, որ բոլորը կողմ են, որ կնոջ հանդեպ ցանկացած բռնարարք դատապարտելի է: