19 օգոստոսի 2019 - 19:46 AMT
Լենա Նազարյան․ «Էլարդի» զեկույցը հակասական է Ամուլսարի հարցում կոնկրետ որոշում կայացնելու համար

ԱԺ փոխխոսնակ, իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի հարցով «Էլարդ» կազմակերպության զեկույցը չի փարատել իր մտահոգությունները նախագծի վերաբերյալ։

Ինչպես հայտնել է ինքը Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում, «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Փաշինյանի հանդիպման ընթացքում Նազարյանը հայտնել է դիրքորոշումը փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ: «Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են», - գրել է ատգամավորը:

«Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընըտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Նույն կերպ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության», - գրել է ԱԺ փոխխոսնակը:

«Մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար», - եզրափակել է Նազարյանը։