20 օգոստոսի 2019 - 15:32 AMT
Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխելու միջնորդությունը մերժվել է

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը 25 միլիոն դրամ գրավով խափանման այլ միջոցով փոխելու միջնորդությունը մերժվել է:

Պաշտպանները միջնորդել էին փոխել ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ, թեև վերջինս քաղաքային հիվանդանոցում է, սակայն նրան չի թույլատրվում դուրս գալ մաքուր օդ շնչելու և «բնական լույսի երես տեսնել, ինչի արդյունքում նրա առողջական վիճակը վատթարացել է», հայտնում է Shantnews-ը:

Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստում որոշվել է Ֆրանսիայից եկած փորձագետ Նորբերտ Ավետյանին ներգրավել միջգերատեսչական փորձագիտական հանձաժողովի աշխատանքներում:

Դատական նիստում ներկայացել է ևս մեկ փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասել է, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասել է, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող հայտնել:

Այս բժշկի դեմ պաշտպանական կողմից Արսեն Մկրտչյանը բացարկ է հայտնել, քանի որ, իր տեղեկություններով, բժիշկն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնօրինության հետ, ինչը հիմք է տալիս կասկածել թերապևտ -սրտաբան Հարություն Հեքիմյանի կողմից տրվող փորձագիտական եզրակացության օբյեկտիվությանը:

Բժիշկը պատասխանել է, թե իրեն հայտնի չեն նման մանրամասներ, այդ մասին առաջին անգամ է լսում: Դատարանը մերժել է այդ բացարկի միջնորդությունը: Սրտաբան -թերապևտը կշարունակի աշխատել հանձնաժողովի կազմում: