13 հոկտեմբերի 2008 - 16:06 AMT
Վերջին օրերին Մոսկվայում սպանվել են մի քանի օտարերկրացիներ
Վերջին օրերին Մոսկվայում սպանվել են մի քանի օտարերկրացիներ: Շատերը նեոնացիստների ակտիվացումը կապում են 15-ամյա աշակերտուհի Աննա Բեշնովայի վերջերս կատարված սպանության հետ: Չնայած նրան, որ քննությունը դեռեւս միանշանակ եզրակացության չի եկել, ինտերնետը լի է լուրերով, թե սպանությանը մեղսակից են գաստաբայտերները:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ ձերբակալվել է մոսկվաբնակ 28-ամյա գործազուրկ մի երիտասարդ, որին կասկածում են Ուզբեկստանի քաղաքացու սպանության մեջ: Ըստ քննության տվյալների, լույս շաբաթվա գիշերը ձերբակալվածը դանակով հարվածներ է հասցրել Ուզբեկստանում ծնված 29-ամյա մի կնոջ, որը մահացավ ստացած վերքերից: Կասկածյալին ձերբակալել են շաբաթ առավոտյան Բալակլավայի պողոտայի իր բնակարանում:

Լույս կիրակիի գիշերը Հյուսիս-արեւելյան վարչական մարզում կատարվել է Հայաստանի քաղաքացու սպանություն: Նրան հայտնաբերել են 3:20-ին Իլիմսկայա փողոցի տներից մեկում: Դատաբժշկական փորձագետների եզրակցության համաձայն, նա մահացել է սրտի շրջանում ստացած վերքից:

Կիրակի օրը Սմոլենսկի բուլվարում հարձակում է կատարվել Տաջիկստանի երկու քաղաքացիների վրա: Նույն օրը մերձմոսկովյան Լյուբերցիի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել Թուրքիայի 43-ամյա քաղաքացի` գանգուղեղի բաց վնասվածքով: Տղամարդը մահացել է գիտակցության չգալով: Քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել նրան` դա Լյուբերցի քաղաքի 19-ամյա գործազուրկ բնակիչ է:

Հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին, Մոսկվայի արեւմուտքում սպանվել է Տաջիկստանի քաղաքացի: Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Իսրաիլ Տովարովի սպանության մեջ կասկածվող երեք անձիք: Նրանք սպանվածի հայրենակիցներն են: Ըստ աղբյուրի, հարցաքննության ժամանակ բոլոր ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը` հայտարարելով, թե Տովարովը դրամ էր շորթում հայրենակիցներից:

Կիրակի օրը Մոժայսկի շրջանի վարչական շենքի մոտ Ապօրինի ներգաղթի դեմ շարժման մասնակիցները չարտոնված հանրահավաք են անցկացրել, պահանջելով գտնել աշակերտուհու մարդասպաններին: Ըստ ճշտված տվյալների, ակցիային մասնակցել է շուրջ 150 հոգի: Ակցիայի ժամանակ ցուցարարները սադրիչ կարգախոսներ են վանկարկել: Հանրահավաքի շուրջ 70 մասնակիցներ երթով ընթացել են Կունցեւի շուկայի ուղղությամբ, որտեղ ձերբակալվել են, գրում է newsmsk.com-ը: