22 օգոստոսի 2019 - 11:41 AMT
Գեղհովիտում սիբիրյան խոցը հաստատվել է 8 անձի մոտ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել է, նմուշառում է կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել է, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից:

Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել: