23 օգոստոսի 2019 - 12:51 AMT
Վարչապետ. Առցանց խորհրդակցություն է անցկացվելու «Էլարդի» փորձագետների հետ

Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության ներկայացուցիչներն առցանց խորհրդակցություն են անցկացնելու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: Այս մասին Ջերմուկում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկվելու են Ամուլսարի շահագործման ռիսկերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է, նա այցելում է բնակիչներին՝ հետաքրքվում, թե ինչ կարծիք ունեն վերջիններս Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Նա ասել է ջերմուկցիներին, որ Ամուլսարի աշխատանքը չպետք է որևէ կերպ ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա: Նա հավելել է, որ խնդիր է դրված, որ վտանգը լինի զրոյական:

Վարչապետը խոստացել է, որ առցանց խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ կհրապարակվի: «Փորձագետներին հարցնելու ենք, թե ինչ են գրել եզրակացության մեջ»,-ասել է նա:

«Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թույլ տանք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք...Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», - ասել է վարչապետը: