24 օգոստոսի 2019 - 12:47 AMT
Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում` G7-ի մեկնարկից առաջ

Օգոստոսի լույս 24-ի գիշերը, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, ֆրանսիական Յուրյունում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: 4 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել:

Յուրյունը մոտ 20 կմ է հեռու Բիարիցից, որտեղ մեկնարկելու է G7 գագաթնաժողովը: Ակտիվիստները ճամբար են բացել, օգոստոսի 23-ին նրանք փորձել են ճանապարհը փակել, իսկ հետո փակել են ճամբար տանող ուղին և փոքր բարիկադներ են կառուցել: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն:

Բիարիցը մինչդեռ պահպանության տակ է և անհասանելի է ցուցարարների համար: Սակայն, շուրջն ակտիվիստների արդեն մի քանի վրանային ճամբար կա: Օգոստոսի 24-ի ցերեկը մեծ ակցիա է նախատեսվում գագաթնաժողովի դեմ:

Գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկեց վերականգնել ՌԴ մասնակցությունը գագաթնաժողովին, ինչին կողմ արտահայտվեց նաև Մակրոնը: Սակայն Լոնդոնն ու Բեռլինը կտրուկ դեմ հանդես եկան` կապելով դա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հետ: