26 օգոստոսի 2019 - 12:04 AMT
Դեղձով բեռնված բեռնատարները դուրս են եկել Վերին Լարսից

Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս են եկել Վերին Լարսի մաքսակետից: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում:

«26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ հայկական դեղձով բեռնված բեռնատարները երկու օր է՝ կանգնած են Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Նշվում էր, որ նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին: