Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված, հայտնում է Shantnews-ը:
«Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն: Համացանցում այն քննադատությունն է ընթանում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և այս փորձաքննությունն, ըստ էության, միջազգային չէր: Միայն զուտ «Էլարդ»-ի փորձագետները չեն, TRC-ի փորձագետները նույնպես ներգրավվել են փորձաքննության իրականացմանը: Այսինքն՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ փորձաքննության ընթացքում ոչ միայն գնահատվել են ջրային ռեսուրսները, այլև կենսաբազմազանությունը, օդի որակը և այլն: «Խնդիրը ոչ թե դրված է եղել ջրերի կառավարումը, ջրերի աղտոտվածության հանգամանքը պարզելը, այլև բնության մյուս բաղադրիչների կառավարման հուսալիությունը»,-ասաց նա:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, հայտնել է, որ «Էլարդի» եզրակացությունը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու նոր ՇՄԱԳԻ-ի կարիք կա արդյոք:
«Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-ասվում է գրառման մեջ: