27 օգոստոսի 2019 - 13:38 AMT
«Ռոսիա» կինոթատրոնը՝ խորհրդային մոդեռնիզմի ամենատպավորիչ կառույցների թվում

Ռուսական ՌԲԿ-ն կազմել է խորհրդային շրջանի մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկը, որոնք «պետք է տեսնել»: Ցուցակում է ընդգրկվել նաև երևանյան «Ռոսիա» կինոթատրոնը:

«1980-ականներին «Ռոսիան» Հայաստանի ամենամեծ կինոթատրոնն էր: Բացի այդ, այստեղ գործում էին ցուցասրահներ, պարահրապարակ և սրճարաններ: Շենքի երկու հատվածների կորությունը կատարում էր ձայնի բնական ուժեղացման ֆունկցիա: Կինոթատրոնի 2 կորպուսների կցման տեղում ճարտարապետները թափանցիկ առաստաղ էին նախագծել, որից երեկոյան սեանսներից հետո երևում էր աստղազարդ երկինքը»,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը հայտնվեց բարձիթողի վիճակում՝ 90-ականներին այնտեղ առևտրականներն էին տեղավորվել, հետո այն ուզում էին քանդել: Սակայն 2010-ին շենքի մի մասը վերածվեց առևտրի կենտրոնի:

2018-ի հուլիսին «Ռոսիա» (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել:

60-ականներին այնտեղ, որտեղ «Ռոսիան» է, սև շուկա էր: Որոշվեց, որ շուկայի տեղում պետք է կինոթատրոն կառուցվի:Ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչ Պողոսյանը որոշեցին ներկայացնել իրենց նախագիծը: Կինոթատրոնի համար տասնյակ էսքիզներ արվեցին ու առանձնացվեցին երկու հիմնական տարբերակներ:Պանորամային կինոթատրոնի գաղափարը չընդունվեց: 1970-ականների սկզբին Ճարտարապետների միություն ներկայացվեց այժմյան «Ռոսիայի» նախագիծը:

Ընթերցեք նաև.Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում