28 օգոստոսի 2019 - 11:50 AMT
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ

Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր կարևոր առաքելության մեջ, հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընացքում գործընկերներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի և ստեղծագործ կրթության ոլորտները: