14 հոկտեմբերի 2008 - 19:32 AMT
Քերոլայն Քոքս. Հուսով եմ, որ դիտորդներն ըստ արժանվույն կգնահատեն Ադրբեջանի ընտրությունները
«Տարածաշրջանային զարգացումների եւ տարածաշրջանում ապրող ժողովուրդների իրավունքների վերականգնման իմաստով ես շատ եմ կարեւորում տարածաշրջանի երկրների առաջընթացը դեպի ժողովրդավարական համակարգերի հաստատում: Ես բազմիցս եղել եմ ԼՂՀ-ում հենց ընտրությունների ժամանակ եւ կարող եմ վկայել, որ Լեռնային Ղարաբաղը մշտապես դրական արձագանք է գտել անկախ միջազգային դիտորդների մոտ, ովքեր հատկապես մատնանշել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու փաստը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, մեկնաբանելով Ադրբեջանի նախընտրական իրադրությունը: Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ: Նրա խոսքերով, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանում չեն կարող անցկացվել ժողովրդավարական ընտրություններ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ճնշում են ընդդիմությանը: Վերջինս, կանխորոշված համարելով ընտրությունների արդյունքները, բոյկոտում է դրանք:

«Ես` որպես հայ ժողովրդի արդարացի պահանջատիրության իրականացման մեջ ուղղակի մասնակցություն ունեցող անձնավորություն, հուսով եմ, որ միջազգային հանրությունը ներկայացնող անկախ դիտորդները իրական գնահատական կտան առաջիկա ընտրություննեըին, ինչը նախ եւ առաջ բխում է հենց Ադրբեջանի ժողովրդի շահերից»,- նշել է Քերոլայն Քոքսը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: