2 սեպտեմբերի 2019 - 10:39 AMT
Անկախության մարաթոնը կանցնի Արցախի և ՀՀ 30 քաղաքներով

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը մոմավառության արարողությամբ մեկնարկել է «Անկախության մարաթոնը»: Հայաստանյան պատվիրակությանը միացել են նաև մի խումբ երիտասարդներ Արցախից` միասին դիմավորելով Արցախի անկախության 28-րդ տարեդարձի օրամուտը:

Մարաթոնը խորհրդանշում է միասնության և համատեղ հաղթանակի փառահեղ ուղին, ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Մարաթոնի մասնակիցներն անցնելու են Արցախի և Հայաստանի 30 քաղաքներով՝ Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Գավառ, Հրազդան, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան։

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Մարաթոնի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կմիանան մեզ, կիրականացնեն երթ՝ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն` միասին դիմավորելու ՀՀ անկախության նախօրյակը:

Բոլոր քաղաքներում «Անկախության մարաթոնի» մասնակիցները հանդիպումներ են ունենալու տեղի ազատամարտիկների հետ, ներկայացնելու են նախաձեռնությունն ու կազմակերպելու են հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքի երիտասարդների հետ` տարածելով «Հաղթանակած» նախաձեռնության գաղափարը: