4 սեպտեմբերի 2019 - 13:37 AMT
ԱԺ-ում կսկսեն մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխությունները

ԱԺ-ն սկսում է աշխատանքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նա նշել է, որ գործընթացը լինելու է հնարավորինս ներառական:

«Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,-ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ անցումային կառավարությունը մշակել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ, որի ընդունումը տապալվեց ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատճառով:Բարեփոխումների փաթեթով իջեցվում էր քաղաքական ուժերի ԱԺ անցողիկ շեմը, վերացվում էին վարկանիշային ցուցակները: