5 սեպտեմբերի 2019 - 12:57 AMT
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները խնայելու համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ

Կառավարությունը նախատեսում է կրճատել ջրի կորուստը Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանում։ Նպատակի իրականացման համար Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող , ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերը կլուծարվեն կամ կկոնսերվացվեն։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված կառավարության որոշման նախագծի համաձայն, աշխատանքների համար շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Նախատեսվում է կոնսերվացնել 97 խորքային հոր, ևս 8-ը կլուծարվի։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ:

Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել տարեկան շուրջ 30.0 մլն խմ ջուր։

Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի հետ կապված խնդիրը Խնդիրը ծագել է 2006թ.-ից, երբ այնտեղ սկսեցին բացվել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Կարճ ժամանակում ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը:

2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը, ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետևանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին: