5 սեպտեմբերի 2019 - 13:31 AMT
Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը պակասել է գրեթե 5 անգամ

2019 թ հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (այսինքն, ՕՈւՆ գծով ստացումների ու մարումների տարբերությունը) կազմել է մոտ $7.8 մլն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի մոտ 38․7 մլն-ի դիմաց, կրճատվելով մոտ 5 անգամ։ Այս մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, ընդամենը ներդրումները (այսինքն, ներառյալ ուղղակի ու պորտֆելային ներդրումները, այդ թվում՝ վարկերն ու ծառայությունների դիմաց վճարվելիք գումարները) կտրուկ աճել են՝ հասնելով մոտ $97.8 մլն-ի։ 2018-ին նույն ցուցանիշը բացասական էր՝ երկիրը գրանցել էր բացարձակ արտահոսք՝ մոտ $24.5 մլն չափով։

2018-ի 1-ին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի առյուծի բաժինը՝ մոտ $20.6 մլն-ը, ապահովել էր Ջերսի կղզին, ուր գրանցված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործել փորձող Lydian-ը։ 2018-ի երկրորդ կեսին՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բնապահպանների կողմից փակվելուց հետո, հանքի շինաշխատանքները կանգ են առել՝ հասկանալիորեն, զրոյացնելով նաև Ջերսիից եկող ներդրումները։