17 հոկտեմբերի 2008 - 15:57 AMT
Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի հայ համայնքի համար հիմնականներից մեկն է, սակայն ոչ` գլխավորը
ԱՄՆ-ի պատմության վերջին 20 տարիներին չի եղել նման լարված պայքար նախագահական աթոռի համար, ինչպես այսօր: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, դա պայմանավորված է ԱՄՆ-ում ծագած ֆինանսական ճգնաժամի եւ տնտեսական անկման հետ, որն ուղեկցվում է օգնության կրճատմամբ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում: «Այժմ ԱՄՆ-ում շուրջ 55 մլն մարդ սատարում է հանրապետականներին, 72 մլն` դեմոկրատներին, իսկ 42 մլն` անկախ են իրենց նախապատվություններում: Անշուշտ, սրանք մոտավոր տվյալներ են, եւ նույնիսկ չնայած Դեմոկրատական կուսակցության թեկնածու, սենատոր Բարակ Օբամայի համոզիչ հաղթանակին հեռուստաբանավեճում հանրապետական Ջոն ՄըքՔեյնի հանդեպ, դժվար է ասել, թե ով կդառնա նախագահ նոյեմբերին: ԱՄՆ-ի հայ համայնքին, անշուշտ, հուզում են նույն հարցերն, ինչ ամերիկացիներին, սակայն դրա հետ մեկտեղ Ամերիկայի հայերը կարեւորում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իհարկե, այս հարցը գլխավորը չէ, սակայն երկրորդական էլ չէ»,-նշել է Վարդանյանը:

Ինչ վերաբերում է սենատոր ՄըքՔեյնի դիրքորոշմանը, որն անցած 20 տարում դարձավ ԱՄՆ նախագահության առաջին թեկնածուն, որը հրապարակավ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Վարդանյանն ընդգծել է, որ հանրապետական սենատորն ընդամենը բարձրաձայնում է Սպիտակ տան այժմյան վարչակազմի դիրքորոշումը: «Իրոք, նախընտրական արշավների ժամանակ հանրապետական եւ ոչ մի թեկնածու, սկսած Ռոնալդ Ռեյգանից, հրապարակավ չէր ժխտել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը: