5 սեպտեմբերի 2019 - 16:50 AMT
ԱՄՆ-ն ու Չինաստանը առևտրային բանակցությունները կվերսկսեն հոկտեմբերին

ԱՄՆ-ն ու Չինաստանը հոկտեմբերին կվերսկսեն առևտրային բանակցությունները: Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Չինաստանի Պետխորհրդի փոխնախագահ Լյու Խեն և ԱՄՆ վարչակազմի առևտրի գծով լիազոր Ռոբերտ Լայթհայզերը: Այդ մասին հայտնել է Պեկինում առևտրի նախարարությունը:

Ավելի վաղ բանակցությունները նախատեսվում էր վերսկսել սեպտեմբերին:

Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են «գործակցել և կոնկրետ քայլեր ձեռնարկել բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու գործում», գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ն և Չինաստանն արդեն մեկ տարուց ավելի է առևտրային առճակատման մեջ են՝ իրար դեմ միլիարդավոր դոլարների տուգանքներ կիրառելով: