Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության նախագիծ է նախապատրաստվում, որով կառավարության պահուստային ֆոնդից գումար կնախատեսվի թիֆլիսահայ մեծանուն գործարար Միքայել Արամյանցի դղյակի և հարակից տարածքների չափագրում և գնահատում կատարելու համար: Նպատակն է՝ տարածքը գերակա շահ ճանաչել, հայտնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Ղուկասյանը վստահ է, որ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի այն վերցնել պետական հոգածության ներքո, ապա նաև հանձնել ջանացավ ներդրողների, ովքեր կկարողանան տարածքը վերածել տուրիստական հանգրվանի:
120-ամյա պատմություն ունեցող դղյակը՝ հարակից տարածքներով ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում 19-րդ դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի, գործունեության մասին: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն է եղել, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:
Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվել է առողջարանային ու հանգստի կենտրոնի` վերանվանվելով Ալավերդու «Դեբեդ» տուրիստական հանգրվան: 1992 թ. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան այն սեփականության իրավունքով հանձնել է Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005 թ. հոկտեմբերի 18-ին այն ոչ համարժեք գումարով վաճառել է ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Վերջինիս հետ կապված հայտնի իրադարձություներից հետո նախորդ տարիների ՀՀ կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել անգործության մատնված, բարձիթողի վիճակում գտնվող տարածքը և դղյակը հետ վերցնելու նպատակով, սակայն ապարդյուն:
2017-ին հայտարարվել էր, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ախթալայում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: