9 սեպտեմբերի 2019 - 11:18 AMT
Արցախի ՄԻՊ. Ընտրությունների ընթացքում էական խնդիրներ չեն եղել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետևել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ և՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, և՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով:

Ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, Աշխատակազմի հեռախոսահամարները և թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար, հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 6 զանգ, որոնք առնչվել են գլխավորապես ԱՀ ընտրական օրենսդրության մի շարք դրույթների պարզաբանմանը: Իսկ զանգերից մեկը կատարվել է դիտորդի կողմից, որը ներկայացրել է գյուղական համայնքներից մեկում էլեկտրամատակարարման խափանման պատճառով առաջացած ընտրական գործընթացների դժվարությունները:

Պաշտպանի աշխատակազմի կողմից դիտարկման աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Հանրապետության մի շարք բնակավայրերում գիշերվանից արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ, որոնք, ըստ «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումների, պայմանավորված էին անբարենպաստ եղանակի հետևանքով տեղի ունեցած վթարներով: Այնուամենայնիվ, խնդիրները շտկվել են օրվա ընթացքում:

Քվեարկության արդյունքների և հավաքագրված տեղեկությունների ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7,787 ընտրող` ընտրողների մոտ 36%-ը։

Արցախի ԿԸՀ հրապարակած տվյալնբերի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67,342 ընտրող: