9 սեպտեմբերի 2019 - 14:48 AMT
Ծառուկյանը պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի պաշտպանության ակցիաներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն պնդում է՝ պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային և փակել իր ձեռնարկությունները, եթե «ժողովուրդը կամենա»: Այս մասին նա այսօր հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ծառուկյանը նշեց, որ իշխանությունները հասկանում են՝ կանգնած են լուրջ փաստի առաջ և պետք է լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն՝ արդյունքները ժողովրդին ներկայացվելու համար։ «Եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, թող բացեն, չի լինի ժողովրդի համաձայնությունը՝ թող չբացեն»,- իր խոսքում նշեց ԲՀԿ ղեկավարը:

Չնայած դրան՝ ԲՀԿ առաջնորդին զարմացնում է այն, որ Lydian Armenia-ն կատարել է 400 միլիոն դոլարի ներդրում և այդ գումարով կառուցել երկու պոչամբար ու բերել 50 միավոր տեխնիկա են։ Ծառուկյանի կարծիքով՝ այդ գումարով կարելի էր կառուցել 10 գործարան` 20 հազար աշխատատեղով։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ իր երկու հանքարդյունաբերող ընկերությունները՝ Արարատի ցեմենտի գործարանը և Մղարթի ոսկու հանքը, կփակվեն, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի դրանց շահագործմանը կամ դրանք վնասեն բնությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա:Երկրի վարչապետը նաև նշել է, որ եթե իշխանությունը սկսի առանց որևէ պատճառի խնդիրներ ստեղծել Lydian Armenian ընկերության համար, ապա դա էական վնաս կհասցնի Հայաստանի միջազգային իմիջին: