9 սեպտեմբերի 2019 - 17:43 AMT
ԱՀԿ. ՀՀ-ում տղամարդիկ կանանցից 5 անգամ հաճախ են ինքնասպան լինում

Աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ հերթական ինքնասպանությունն է տեղի ունենում: Ընդհանուր առմամբ մեկ տարում կյանքից ինքնակամ հրաժարվում է գրեթե 800,000 մարդ: Այդ տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցում, որը հրապարակվել է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 10-ին: Ընդ որում, այս թվերը չեն ներկայացնում ինքնասպանության փորձերը, որոնք, ըստ ԱՀԿ-ի, 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան «հաջողված» ինքնասպանությունները, գրում է BBC-ին:

Հայաստանում տղամարդիկ կանանցից 5 անգամ հաճախ են ինքնասպան լինում: Եթե տղամարդկանց ինքնասպանությունները ՀՀ-ում 100,000 բնակչության հաշվով 2016-ի տվյալներով կազմել են 10,1, ապա կանանց դեպքում՝ 2:

Ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Գայանայում, երկրորդը՝ Լեսոտոյում, որտեղ 100,000 բնակչության հաշվով ինքնասպանությունների դեպքերը համապատասխանաբար 30,2 և 28,9 են: ՌԴ-ն այդ ցուցակում 3-րդն է, իսկ տղամարդկանց ինքնասպանությունների թվով՝ 2-րդը:

Բելառուսում այդ ցուցանիշը 21,4 է, Ուկրաինայում՝ 8,5, ԱՄՆ-ում՝ 13,7, Կանադայում՝ 10,4, Կուբայում՝ 10,1, Իսրայելում՝ 5,2:

Ամբողջ աշխարհում տղամարդիկ ավելի հաճախ են ինքնասպան լինում, քան կանայք՝ միջինը, 1,8 անգամ:

Կանայք ավելի հաճախ են ինքնասպան լինում աշարհի միայն 5 երկրում՝ Բանգլադեշում, Չինաստանում, Լեսոտոյում, Մարոկկոյում և Մյանմայում: Ինքնասպանությունների կեսից ավելին կատարում են մինչև 45 տարեկան մարդիկ:

15-30 տարեկան երիտասարդների շրջանում ինքնասպանությունները ՃՏՊ-ներից հետո մահացության ամենատարածված պատճառն են:

Ընդհանուր առմամբ ինքնասպանությունների մակարդակն աշխարհում շարունակում է դանդաղ նվազել՝ բացառությամբ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների: