11 սեպտեմբերի 2019 - 10:50 AMT
«Գրեմմի» մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը ելույթ կունենա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա ալտահար, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանը։ Այս մասին է հայտնում փառատոնի մամուլի ծառայությունը։

Համերգի ստույգ ամսաթիվը չի նշվում, այն կկայանա հոկտեմբերի 1-9-ի միջակայքում։

Քաշքաշյանը ծնվել է Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում։ Քաշքաշյանն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։ Քաշքաշյանը հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին։ Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ։ 2013-ին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում։

Բացի Քաշքաշյանից՝ փառատոնին մասնակցելու են «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք: