12 սեպտեմբերի 2019 - 12:28 AMT
Գյումրեցի ևս մեկ ընտանիք վագոն-տնակից նոր տուն կտեղափոխվի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի՝ բնակարան կառուցելով՝ փոխելու մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն:

Սողոյան-Թադևոսյանները, շատերի նման՝ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները։ 2012 թ.-ին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այսպես էլ չեն կարողացել։ Ամուսնությունից հետո, մինչև օրս վագոն-տնակում ապրող Քրիստինան, տարբեր փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինություն՝ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Երիտասարդ կինը ստանձնել է իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը՝ արտերկրում բուժվող ամուսնուն թիկունք լինելու համար: Քրիստինայի նախաձեռնությանն սկսել են աջակցել բնակարանաշինության գործում տարիների հաջողված փորձ ունեցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Տնակում ձմեռը շատ ցուրտ է։ Ամենադժվարը առավոտներն են… Փորձում ենք մի փոքր տաքացնել, սակայն՝ անօգուտ։ Իսկ ամռանն անտանելի տոթ է։ Մեր երազանքն է ՝ որքան հնարավոր է շուտ ազատվել մետաղական տնակից։ Շնորհակալ եմ կամավորներին՝ օգնության ձեռք մեկնելու և շինարարական աշխատանքները ևս մեկ քայլով ավարտին մոտեցնելու համար»,- ասել է Քրիստինան։

«Դարձյալ Գյումրիում ենք՝ իր փոքրիկ «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքիր ու խորհրդանշական է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որևէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար: Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռևս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետևանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել և յուրաքանչյուր տոնի հետ՝ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենք՝ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է։ Չնայած այս ընտանիքը հայտնվել է առողջական և ֆինանսական խնդիրների առջև ՝ չի հուսահատվել և շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար։ Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչև տարեվերջ կավարտվի տան շինարարությունը։ Կամավորների օգնությամբ իրականացվել են հատակի բետոնացման աշխատանքները։