17 սեպտեմբերի 2019 - 23:37 AMT
Ցոլակյանը դեմ է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու պլաններին

Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության պետերը պիտի ընդհանրապես ոչ մի կապ չունենան քաղաքականության հետ, հայտարարել է Sputnik-Armenia ռադիոկայանին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում»,– ասել է նա։

Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ համակարգում, եղել է կառույցի փոխտնօրենը։

Ըստ Ցոլակյանի, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։

Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։

Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, հրաժարական է տվել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։