18 սեպտեմբերի 2019 - 13:38 AMT
Վլ․ Գասպարյանը մեղադրվում է Սարգսյանի եղբայրների թիկնապահներին ու վարորդին ՌՈ-ից չազատելու համար

ՀՀ նախկին ոստիկանապետ, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների մոտ աշխատող անձանց ՌՈ ծառայողների պաշտոնից չազատելու ու վարձատրելու համար։

Ըստ Քննչական կոմիտերի հաղորդագրության, Գասպարյանը՝ ռազմական ոստիկանությունում ու ՊՆ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնելով, տեղյակ է եղել, որ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, զորամասերից մեկում որպես ռազմական ոստիկան ձևակերպված լինելով, նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության։

Նրանցից մեկն աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Գասպարյանը, «անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ»: Գասպարյանը նաև ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ, Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Ավելին՝ Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝ Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար: