18 սեպտեմբերի 2019 - 15:26 AMT
Միհրան Պողոսյանը Ռուսաստանից իշխանությանը սթափվելու կոչ է անում

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայիս իշխանությանը մեղադրում է քինախնդրության, «ամեն ինչ քարուքանդ անելու», «շոուների հաղթարշավի» ու «ուղեղների լվացման» մեջ:

«Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով և անձնական քինախնդրությամբ։ Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան»,- ասում է նախկին պատգամավորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանը մեղադրվում է վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: 2019 թ.-ի ապրիլի 13-ին դատարանը Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում էր կայացրել: Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը մերժել է նրան արտահանձնելու որոշումը։