22 հոկտեմբերի 2008 - 15:42 AMT
Գերմանիան հուսով է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները կշարունակվեն
Գերմանիան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կշարունակվեն, եւ խնդիրը մոտ ապագայում կլուծվի: «Օգոստոսյան իրադարձությունները Վրաստանում ցույց տվեցին, որ ոչ մի հակամարտություն, այդ թվում Հարավային Կովկասի հակամարտությունները, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով եւ ուժի կիրառմամբ»,-չորեքշաբթի Բաքվում լրագրողներին է ասել Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական համագործակցության աշխատանքային խմբի ղեկավար Շտեֆֆեն Ռայխեն:

Ըստ Ռայխեի, պատվիրակության այցն Ադրբեջան իրականացվում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանձնարարությամբ. «Արտգործնախարարը հանձնարարել է մեզ ծանոթանալ Ադրբեջանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, եւ թե ինչպես է նորընտիր նախագահը մտադիր շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը», հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: