23 սեպտեմբերի 2019 - 10:36 AMT
Փաշինյան. Սորոսն ուզում էր հանդիպել ինձ հետ` չեմ կարողացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունվարին ֆինանսիստ Ջորջ Սորոսից հանդիպման հրավեր էր ստացել, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին հայտնել է ինքը Փաշինյանը՝ Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պարոն Սորոսը Դավոսի ֆորումից առաջ ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե հեղափոխությունը Հայաստանում ծրագրվել է Հայաստանից դուրս, վիրավորում են հայ ժողովրդին։

«Հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, ձեր աչքի առաջ։ Հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը։ Նրանք, ովքեր ուզում են հեղինակային իրավունքը վերցնել հայ ժողովրդից, ուրեմն ուզում են անարգանքի արժանացնել նրան», - ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախությանը նվիրված տոնակատարություններից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: