23 սեպտեմբերի 2019 - 10:50 AMT
Վայոց ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

Դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար կալանավորվել է Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը»,- նշված է գրառման մեջ:

Սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ոստիկանության Վայոց ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոնից» հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: Վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով, ըստ տեղեկության, տուն վերադառնալով, նկատել էր նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն էր արել և վիճաբանությունը շարունակվել է: