23 սեպտեմբերի 2019 - 12:32 AMT
Վայոց ձորի մարզպետի՝ ծեծկռտուքին մասնակցել-չմասնակցելու հարցը պարզելու համար տեսագրություններ են առգրավվել

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,- գրել է Հարությունյանը:

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Փոխնդապետը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կոմայի մեջ: Սեպտեմբերի 22-ին դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար կալանավորվել էր Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:Ինքը մարզպետը հերքում է իր առնչությունը միջադեպին։