Հայ առաքելական եկեղեցու սպասավորների առնչությամբ՝ Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի կատարած հայտարարությունը հավելյալ պարզաբանման կարիք ունի: PanARMENIAN.NET-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նման իրողություններ երբևէ չեն ներկայացվել, հայտնի չեն», - նշեց նա։ Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին։
«Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։ Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետև այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ», - ասել էր վարչապետը։