24 սեպտեմբերի 2019 - 10:44 AMT
Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ՀՀ-ն շեշտել է Ադրբեջանում կալանավորված հայերի վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։

ԱԳՆ հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել ներկա իրավիճակը՝ ընդգծելով վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը՝ այդ թվում նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից՝ նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել էր հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: