24 սեպտեմբերի 2019 - 17:24 AMT
Յուրգեն Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ ՖԻՖԱ-ի վարկածով

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ ՖԻՖԱ-ի վարկածով:

Մրցանակին հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան և «Տոտենհեմ Հոթսպուրի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: «Պետք է ասեմ շնորհակալություն իմ հիանալի ակումբին՝ «Լիվերպուլին»: Ով մեզ չի սիրում...նա սիրտ չունի: Լավ, դա այդպես չէ, կարող եք այլ ակումբներն էլ սիրել: Պետք է շնորհակալություն ասեմ սեփականատերերին, որոնք ինձ համար ցնցող մի թիմ են հավաքել: Եվ առանձին պետք է շնորհակալություն հայտնեմ իմ թիմին: Որպես մարզիչ դու կարող ես այնքան լավը լինել, որքանով որ լավն է քո թիմը: Թիմի ներուժը մի բան է, իսկ իրագործումը՝ մեկ այլ բան: Ես հպարտ եմ ղեկավարել խաղացողների այս բանդան»,-ասել է Կլոպը:

Նախրոդ խաղաշրջանում «Լիվերպուլը» 52-ամյա Կլոպի ղեկավարությամբ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Գերմանացի մարզչի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի ամառը: