24 սեպտեմբերի 2019 - 17:48 AMT
Սասուն Միքայելյան. Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրները աղբանոցն է նետել

ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը շարունակելու է մնալ իր ընկերը։

Factor.am հաղորդմամբ, լրագրողների հարցին՝ կարծու՞մ է արդյոք Միքայելյանը, որ Վանեցյանն ուսադիրները «աղբանոցն է նետել» (նման հայտարարություն էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խմբ․) Միքայելյանն արձագանքել է. «Ոչ մեկ իրավունք չունի… ես էլ եմ ուսադիր դրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»:

Սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսին, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վանեցյանն այդ հայտարարությունն արել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է՝ նա տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։

Սեպտեմբերի 24-ին Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը: «Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,– ասել էր Արթուր Վանեցյանը։