25 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT
Չեխիան կարևորում է ՀՀ հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը

Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացմամբ։ Այդ մասին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպմանը։Վարչապետը նշել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է և շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ բարեփոխումների օրակարգին և դրա արագ վավերացումը կնպաստի այդ օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Անդրեյ Բաբիշի խոսքով՝ Չեխիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ ձևաչափերով հարաբերությունների խորացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա համատեղ քայլերը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Չեխիայի վարչապետերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների շուրջ։

Հայաստանի վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։