26 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT
Ստոլտենբերգ. ՀՀ-ն կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար

Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Այդ մասին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:

Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին և նշել, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և երկկողմ Անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում և հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համատեքստում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի և մարտահրավերների շուրջ։