26 սեպտեմբերի 2019 - 11:31 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են ամռանը կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ գործողությունները:

Համանախագահներն ընդգծել են ամառային շրջանում կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները՝ խորը ցավ հայտնելով ճակատագրական ելքով վերջին միջադեպի կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդած գործողությունների արդյունքները՝ ներառյալ Փարիզում և Ժնևում ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հումանիտար և անվտանգային գործոններով պայմանավորված խորհրդակցությունները։

Հայտարարությունում նաև նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կայցելեն Հայաստան և Ադրբեջան:

Սեպտեմբերի 25-ին ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանական կողմն արդյունքում ունեցել էր առնվազն 1 զոհ։ Զինծառայողի դին մնացել էր միջդիրքային տարածքում, հայկական կողմը թույլատրել էր վերցնել այն։