Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-նՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը, հայտնում է Aysor.am-ը:
Ավելի վաղ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, որ եթե եկեղեցականները որոշեն «քանդել կառավարության ոտքի տակը», ապա ծնկի կբերվեն:
«Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին», - ասել է Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես, ուժային կառույցների ղեկավարների պաշտոններրը թողնելուն, Գարեգին Բ-ն նշել է. «Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան ծառացած մեր երկրի առջև, որոնք հուզում են ժողովրդին: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան»: