26 սեպտեմբերի 2019 - 13:36 AMT
Եռակողմ հանդիպում Նյու Յորքում՝ ՀՀ, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների միջև

Սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև:

Արտգործնախարարներն ընդգծել են, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Այս համատեքստում նախարարները նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այս ուղղությամբ կողմերը կարևորել են 2020-ին Երևանում նախատեսված Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը և նախանշել վերջինիս նախապատրաստման աշխատանքները։ Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց երկրների աջակցությունը Հայաստանին ամրապնդելու ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարևոր գործիք մարդկանց միջև շփումների և կապերի խթանման գործում: