Yandex ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հոկտեմբերին Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: Այս մասին հայտնում է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն:
Վոլոժը հանդես կգա որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից՝ ներկայացնելով տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագան:
Ռուսական Yandex տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը 2000 թվականից նաև գործադիր տնօրենն է:Դրանից առաջ նա համահիմնադրել է անլար համացանցի InfiNet Wireless և հեռահաղորդակցության սարքավորումների CompTek International Ռուսաստանում ամենամեծ մատակարար ընկերությունները:
Yandex-ն ամենամեծ և ամենաազդեցիկ ինտերնետային ընկերությունն է Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում, որն իր ներկայությունն ապահովում է մոտ 10 երկրում՝ միայն Ռուսաստանում ունենալով ավելի քան 60 միլիոն առցանց օգտատեր: Yandex-ը նաև արհեստական բանականության և անօդաչու մեքենաների տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում հոկտեմբերի 6-9-ը: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։