27 սեպտեմբերի 2019 - 11:51 AMT
ԱԳՆ. ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ գործակցությունը

Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։ Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Նյու Յորքում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում փոխործակցության հնարավորություններին, ինչպես նաև կարևորել են ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում համատեղ ծրագրերի իրականացումը։

Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը:

Երկուստեք դրական է գնահատվել վերջին ամիսներին լարվածության հարաբերական նվազումը։ Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրումը և ամրապնդումը։ Շեշտվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով: