ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրերի աթռիվ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին,հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Այսպիսով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է մոտ 5,313,721,900 դրամի վնաս:
Հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար:
«Սանիթեք» ընկերությունն օգոստոսին տուգանվել էր՝ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու պատճառով: Սեպտեմբերի սկզբին ընկերությունն, առանց քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվել էր կատարել Երևանի աղբահանության իր պարտականությունը:
«Սանիթեքի» աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով հասանելիք աշխատավարձը, սակայն ընկերությունից պնդել էին, որ աշխատավարձերի վճարումը կապված է քաղաքապետարանի՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: