27 սեպտեմբերի 2019 - 13:32 AMT
ԵՄ պատվիրակության ղեկավար. ՀՀ-ում դատաիրավական ոլորտի բարեփոխումները տպավորիչ են

Տպավորիչ է, որ Հայաստանի կառավարությունը շատ ակտիվ ներկայացնում է դատաիրավական ռազմավարությունն ու բարեփոխումներ իրականացնում: Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ պատասխանելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների մասին հարցին, հաղորդում է Panorama.am-ը։

Խոսելով անցումային արդարադատության մասին՝ դեսպանն ասել է, որ դա գործընթաց է և իրենք դեռևս չեն տեսել վերջնական տեքստը, շահարկումներ չեն անում:

«Կտեսնենք, թե ինչպիսին է քննարկումների արդյունքը և հետո մեր փորձագետները կտրամադրեն իրենց կարծիքը»,-ասել է դեսպանը։

Ազգային ժողովում ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթացի հետ կապված Վիկտորին նշել է, որ Հայաստանը շատ բարդ գործընթացում է գտնվում և դա ամենաբարդ հարցերից մեկն է:

«Ես 10 տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ քաղաքացին վստահություն չունի դատարանների ու դատավորների նկատմամբ։ Ես արդեն մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից ռազմավարությունն ու նրանից բխող գործողությունների ծրագրին ընթացք տալու ուղղությամբ և ցանկանում եմ ընդգծել՝ եկեք նայենք գործընթացին դրական առումով։ 10 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել այսպիսի կոնֆերանս»,- ասել է Անդրեա Վիկտորին։

Նա խոսել է նաև ՀՀ-ին ֆինանսական աջակցության մասին՝ նշելով, որ կրկնապատկել են աջակցությունը և ունեն կարևոր նախագծեր նաև տնտեսության մեջ՝ փոքր և միջին ձեռնարկատիրություններին աջակցելու համար։

Անդրեա Վիկտորին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար է նշանակվել սեպտեմբերին՝ փոխարինելով Պյոտր Սվիտալսկուն: