27 սեպտեմբերի 2019 - 15:45 AMT
Մահացել է քանդակագործ Վան Խաչատուրը

93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է, հեղինակել է Մատենադարանի խճանկարը և որմնանկարները:

1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։

2011 թվականին Վան Խաչատուրն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

Վան Խաչատուրը ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: